Մասնակցային գնահատման ռուբրիկ
Ռուբրիկը, որը մեր կրթության մասնագետները թարգմանել են որպես «ամփոփիչ բնութագրի ձևանմուշ», օգնում է մասնակցային կերպով գնահատել, թե ինչ արդյունքի է հասել սովորողն՝ ավարտելով առանձին առաջադրանքը կամ թեմատիկ առաջադրանքների շարքը (դասընթացը, բաժինը)։ Գրավոր սահմանված որոշակի չափանիշներին և դրանց` ըստ որակի աստիճանի գնահատման նկարագրիչներին հղում անելով ուսուցիչը և սովորողը միասին դիտարկում են, թե առաջադրանքի կամ թեմայի ավարտին ինչպիսին կարող է լինել սովորողի գիտելիքը, հմտությունը և վերաբերմունքը (դիրքորոշումը)։ Ռուբրիկը թույլ է տալիս ուսուցչին ու սովորողին (նաև ծնողին) ունենալ միասնական ընկալում, թե որն է համարվում լավ կամ բարելավման ենթակա կատարողական։
Թեմատիկ
շարքի ավարտական ռուբրիկը կարող է
դառնալ առավել մասնակցային, եթե սովորողներն այն ոչ ֆորմալ կերպով «վավերացնեն»՝ խմբային
աշխատանքով, հետևյալ քայլերի միջոցով.
- Սկսել «մտքերի գրոհ»-ով, թե որոնք պետք է լինեն գնահատման գլխավոր չափանիշները, օր.՝ բովանդակության իմացություն, հարցադրում-պատասխան-հիմնավորում կապեր, օրինակներ և մեջբերումներ, «եթե-ապա» թեզեր/ վերլուծություններ, ասելիքի կառուցվածք, սահուն խոսք, ներկայացման միջոցներ և այլն։
- «Մտքերի գրոհի» առաջարկները խմբավորել ըստ ուսուցչի նախապես մշակած չափանիշների (կամ վերանայել, եթե կարիքը կա)։
- Երեխաներին բաժանել խմբերի, որ ամեն մի խումբ աշխատի իրեն հանձնարարված չափորոշիչի(ների) վրա։
- Ամեն խումբ ստանում է իրեն հանձնարարված չափորոշիչի նկարագրիչները՝ խառը վիճակում։ Տրված բոլոր նկարագրիչներն ինքնուրույն կարդալով՝ խումբը դրանք դասակարգում է ըստ որակի աստիճանների. գերազանց, լավ, բավարար և բարելավման ենթակա։
- Ամեն խումբ դասարանին է ներկայացնում իր առաջարկած տարբերակը, որին հաջորդում է մյուս խմբերի անդամների անդրադարձը, ապա ավարտվում ուսուցչի ամփոփմամբ և վերջնական տարբերակի դուրս բերմամբ։
- Օրվա ավարտին կամ հաջորդ օրը ուսուցիչն աշակերտներին է տրամադրում վերջնական ռուբրիկի էլեկտրոնային ֆայլը (կամ առցանց հղումը)։
Տարատեսակ ռուբրիկների օրինակների կարող եք ծանոթանալ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կայքում՝ որոնելով «ամփոփիչ բնութագրի ձևանմուշ» բառերը (էջի աջ կողմի մենյու բաժնում). https://kznakgnahatum.blogspot.com/
Կայքում կան նաև այլ օգտակար ռեսուրսներ։